Բաժին. Տնտեսական

USAID-Ի ՀԵՏ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քարեն Հիլլարդին։ Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից` հանդիպման շրջանակներում Դերենիկ Դումանյանը շնորհավորել է հյուրին նշանակման կապակցությամբ և նշել, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ առողջապահության նախարարության վաղեմի ու վստահելի գործընկերն է։

«Մենք միասին բազմաթիվ հաջողված ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք համատեղ աշխատել։ 2010թ. ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներն ընդլայնվել են։ Ես անչափ կարևորում եմ  մոր և մանկան առողջության պահպանման, մանկական վերակենդանացման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Իսկ մանկական կուրության դեմ պայքարի ծրագիրը Հայաստանի առողջապահությունը ճանաչելի կդարձնի տարածաշրջանում»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Քարեն Հիլլարդը, բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունքները, հավելել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարևորում է իրականացվող բոլոր ծրագրերը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը  տեղեկացրել է, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR)  ծրագրի միջնաժամկետ գնահատում պետք է իրականացվի, որում ակնկալել է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը։

Share