Տնտեսական

Չինաստանից ներմուծման աճի ֆոնին Թուրքիայից Ռուսաստան արտահանումը նվազում է

Թուրքիայից Ռուսաստան արտահանումը վերջին ամիսներին նվազում է, ինչը պայմանավորված է ռուսական շուկայում Չինաստանի դիրքերի ամրապնդմամբ։ Այս մասին իր վերլուծությունում գրում է թուրքական «Էկոնոմ» թերթը։

Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրության ինստիտուտի տվյալները, օգոստոսին թուրքական արտահանումը Ռուսաստան կրճատվել է 11%-ով, իսկ սեպտեմբերին՝ 25%-ով։ Հոկտեմբերի պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել, սակայն, ինչպես ցույց են տալիս Թուրքիայի արտահանողների միության նախնական տվյալները, նախորդ ամիս դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 19.8%-ով։ Այս ֆոնին գրանցվել է Չինաստանի արտահանման գրեթե կրկնակի աճ դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ հոկտեմբերին այն աճել է 17%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 8.69 միլիարդ դոլար։

«Չինաստանը համաճարակից դուրս եկավ ավելի ուժեղ և սկսեց ավելի ագրեսիվ վերադառնալ համաշխարհային առևտրին», – հրատարակությանը ասել է Թուրքիայի արտահանողների միության ներկայացուցիչը։ Նրա խոսքով, մինչ Թուրքիան անկայունության պայմաններում բախվում է ֆինանսական լուրջ դժվարությունների, Չինաստանի իշխանությունները վճռականորեն աջակցում և խրախուսում են արդյունաբերական և լոգիստիկ ընկերություններին, ինչը անհնար է դարձնում մրցակցությունը նրա հետ։

Գործարարը խոսել է նաև Չինաստանի նավահանգստային ենթակառուցվածքների զգալի հզորացման մասին։

«Չինաստանից Եվրոպա և Ռուսաստան փոխադրումները դարձել են ավելի արագ և էժան, քան նախկինում: Այլընտրանքային երթուղիներ զարգացնելով՝ Չինաստանը հասել է տրանսպորտի ավելի ցածր գների: Եթե նախկինում դժվարանում էինք Չինաստանից պողպատ մատակարարել երեք ամսում, ապա այժմ այն ​​ստանում ենք մեկ ամսից», – ասել է գործարարն ու նկատել, որ չինական ընկերությունները Արևմուտքից էմբարգոյի խնդիր չունեն։

Share