Բաժին. Տնտեսական

BOFA-Ն ԻՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ 2,4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ամերիկյան բանկային հսկան՝ Bank of America-ն, համաձայնության է եկել իր բաժնետերերի հետ: Բանկը բաժնետերերին կվճարի 2,43 մլրդ ԱՄՆ դոլար` որպես փոխհատուցում:

Նշենք, որ Bank of America-ն մեղադրվում էր 2008 թվականին Merrill Lynch ներդրումային բանկի գնման ժամանակ վերջինիս բացասական ֆինանսական արդյունքների մասին տեղեկատվությունն իր բաժնետերերից թաքցնելու մեջ: 

Bank of America-ն ձեռք էր բերել նշված ֆինանսական կառույցը, որը դարձել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գլխավոր տուժողներից մեկը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել էր 50 մլրդ ԱՄՆ դոլար, որից 20 մլրդ ԱՄՆ դոլարը տրամադրվել էր ԱՄՆ կառավարության կողմից:

Հատկանշական է, որ ավելի ուշ ԱՄՆ կառավարությունը Bank of America-ին տրամարդրել էր ևս 25 մլրդ ԱՄՆ դոլար՝ Merrill Lynch-ի վնասները ծածկելու համար: Արդյունքում, BofA-ի բաժնետերերի կրած վնասները հասել էին 3,6 մլրդ ԱՄՆ դոլարի:

Հիշեցենք, որ օրեր առաջ Bank of America-ն հայտարարել էր աշխատատեղերի կրճատման ծրագրի ընդլայնման մասին, ըստ որի` բանկը նախատեսում է մինչև տարեվերջ կրճատել ևս 16 հազար աշխատատեղ:

Սպասվում է, որ առաջիկայում Bank of America-ն կկորցնի ԱՄՆ բանկային շուկայի խոշորագույն գործատուի իր «կոչումը»՝ առաջ թողնելով JP Morgan-ին, Citigroup-ին և Wells Fargo-ին:

Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին և ներկայումս իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 150 երկրներում:

Share