Տնտեսական

Հունաստանն ու Թուրքիան ընդլայնել են հնարավոր համագործակցության ոլորտները

Հունաստանը և Թուրքիան ընդլայնել են հնարավոր երկկողմ համագործակցության ոլորտների ցանկը՝ 15-ից հասցնելով 31-ի: Իսկ դեկտեմբերի 7-ին Աթենքում երկու երկրների ղեկավարների նախագահությամբ Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստն է կայանալու։ Այս մասին հայտնել է Հունաստանի փոխարտգործնախարար Կոնստանտինոս Ֆրագոյանիսը:

Երկկողմ համագործակցության դրական օրակարգի թեմաներով դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը կլինի վեցերորդ հանդիպումը այս նախաձեռնության շրջանակներում։ Փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության, շինարարության, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում, նորարարական էկոհամակարգերի ստեղծման, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները նիստի առանցքային թեմաներից են լինելու:

«Վերջերս մենք պայմանավորվեցինք երկու նոր թեմաների շուրջ, որոնց մասին կհայտարարենք դեկտեմբերի 7-ին, և դրանք վերաբերում են երիտասարդությանը և նորարարությանը»,- հավելել է փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով, համագործակցության այս օրակարգը դարձել է ինստիտուցիոնալացված գործընթաց:

Պաշտոնյան վստահեցրել է, որ նիստում քննարկվելիք թեմաներն ազդում են երկու երկրների քաղաքացիների առօրյա կյանքի վրա, նպաստում են ձեռներեցությանն ու տնտեսական զարգացմանը և դրական ազդեցություն ունեն միջպետական ​​համագործակցության այլ ասպեկտների վրա:

 

Share