Տնտեսական

ԵՄ-ն Գերմանիային և այլ երկրներին կոչ է անում դադարեցնել էներգետիկ սուբսիդիաները

Եվրամիությունը կոչ է անում Գերմանիային, Մալթային, Պորտուգալիային, Ֆրանսիային, Խորվաթիային և ԵՄ անդամ մի շարք այլ երկրներին հրաժարվել տնային տնտեսություններին և ընկերություններին տրամադրվող էներգետիկ սուբսիդիաներից՝ ԵՄ-ի հայտարարած բյուջետային պլանը կատարելու համար: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին ասել է, որ ԵՄ որոշ երկրներ պետք է որդեգրեն համակարգված, խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն՝ սկսած էներգետիկ աջակցության միջոցառումների դադարեցումից, ինչը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը պահել 3%-ի սահմաններում:

Այս միջոցը նաև կբարձրացնի պետական ​​ֆինանսների կայունությունը, կկանխի գնաճային ճնշումը և կօգնի տնային տնտեսություններին վերականգնել գնողունակությունը:

Ջենտիլոնիի խոսքով՝ ԵՄ ինը երկրներ ներկայումս ունեն բյուջեի դեֆիցիտ, որը գերազանցում է ՀՆԱ-ի 3%-ի շեմը։ Դրանց թվում է Գերմանիան, որն արդեն սկսել է վերանայել իր բյուջեն նոր ֆինանսական տարվա համար:

Էլեկտրաէներգիայի թանկացումից սպառողներին պաշտպանելու նպատակով անցյալ տարի ստեղծված 200 միլիարդ եվրոյի հիմնադրամը, ըստ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի, կարող է «հակասահմանադրական» ճանաչվել:

Share