Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ-2012» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «ԴիջիԹեք էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական և արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրանյութերին՝ ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, մոբայլ, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի, ֆինանսաբանկային և նորարարական լուծումներին, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորություններին:

Նախագահը ցուցահանդեսի շրջանակում ներկա է գտնվել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու նպատակով՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրմանը:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի շրջանակներում «ԴիջիԹեք էքսպո»-ում ցուցադրված աշխատանքներին, որոնց ստեղծմանն իրենց ուսուցիչների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել նաև հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների տաղանդավոր աշակերտներ:

Share