Տնտեսական

Հնդկաստանի վարչապետը քաղաքացիներին հորդորել է հարսանիքներ անցկացնել Հնդկաստանում և գնել միայն հնդկական ապրանքներ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մտահոգված է, որ բարեկեցիկ ապրող հնդիկ ընտանիքները նախընտրում են հարսանիքներ ու այլ արարողություններ անցկացնել արտասահմանում: Նա հորդորում է իր համաքաղաքացիներին նման տոնակատարություններ անցկացնել տանը՝ Հնդկաստանում, որպեսզի «փողը մնա»: Հնդկաստանի կառավարության ղեկավարն այս կոչն արել է՝ կապված երկրում ավանդական հարսանեկան սեզոնի մեկնարկի հետ, որը տևում է նոյեմբերից մարտ:

«Հարսանիքների սեզոնն այժմ սկսվել է: Որոշ առևտրային կազմակերպությունների հաշվարկներով՝ այս հարսանեկան սեզոնի շրջանառությունը կարող է կազմել մոտ հինգ տրիլիոն ռուփի (60 միլիարդ դոլար): Հարսանիքի համար էլ առևտուր անելիս բոլորդ պետք է ուշադրություն դարձնեք միայն Հնդկաստանում արտադրված ապրանքների վրա»,- ասել է վարչապետը:

Պաշտոնյան նկատել է՝ Հնդկաստանում հասունանում է սոցիալական շարժում՝ հայրենական արտադրությունն ու դրա առևտուրը շթանելու համար։

«Հիմա նույնիսկ մեր երեխաները խանութից ինչ-որ բան գնելիս սկսել են ստուգել՝ գրված է Made in India, թե ոչ: Մարդիկ ինտերնետով ապրանք գնելիս չեն մոռանում ստուգել ծագման երկիրը»,- վարչապետը նշել է, որ հարսանեկան տոնակատարությունների համար պետք է հավատարիմ մնալ այս գործելակերպին։

Հնդկաստանում հարսանիքը համարվում է չափազանց կարևոր կրոնական ծես: Շատ հյուրեր են հրավիրվում նման տոնակատարություններին, և ընտանիքները հաճախ տարիներ շարունակ գումար են խնայում հարսանիք կազմակերպելու համար: Վերջին տարիներին արտերկրում հարսանիքներ կազմակերպելը մեծ տարածում է գտել հարուստ և միջին խավի շրջանում: Հյուրանոցներ են ամրագրվում Դուբայում, Սինգապուրում, Շրի Լանկայում, Եվրոպայում: Սա անհանգստացնում է հնդիկ ձեռներեցներին, որոնք այս «նորաձևությունը» համարում են «ոչ հայրենասիրական»։

Share