Տնտեսական

FT. ԵՄ պահեստներում սուրճն ու կակաոն ոչնչացման սպառնալիքի տակ են

ԵՄ պահեստներում պահվող հարյուր հազարավոր տոննա սուրճի հատիկներ և կակաո կարող են ոչնչացվել հունիսին ընդունված ԵՄ օրենքի համաձայն, որն արգելում է անտառահատումից և երեխաների աշխատանքից պատրաստված ապրանքների ներմուծումը: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Արտադրողները պետք է վաճառեն սուրճի և կակաոյի այս պաշարները անցումային ժամանակահատվածում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբեր, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն դրանք վաճառել Եվրամիության սահմաններից դուրս կամ ոչնչացնել դրանք», – ասում է Միջազգային առևտրի կենտրոնի գործադիր տնօրեն Պամելա Կոկ-Հեմիլթոնը:

Եվրոպայում պահեստներում կա մոտ 200 հազար տոննա կակաո և 150 հազար տոննա սուրճ։ Սակայն, ըստ FT-ի, Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների կառավարությունների կողմից դրանց վերաբերյալ դեռևս հստակ ցուցումներ չկան:

Intercontinental Exchange-ը, որը սուրճի և կակաոյի ֆյուչերսների հիմնական առևտրային հարթակներից մեկն է, ասում է, որ մտավախություն ունի, որ պահեստավորված ապրանքների սահմանման հետ կապված խառնաշփոթը «բացասաբար կազդի ապրանքների առևտրի և ռիսկերի պատասխանատու և արդյունավետ կառավարման վրա»: Փորձագետներն ասում են, որ դա կարող է հանգեցնել խափանումների, որոնք կազդեն «մատակարարման ողջ շղթայի վրա՝ ֆերմերից մինչև սպառող»:

Հրատարակության տվյալներով՝ կակաոյի մոտ 70%-ը գալիս է Կոտ դ’Իվուարից և Գանայից, իսկ սուրճի խոշորագույն արտադրողներն են Բրազիլիան, Վիետնամը, Կոլումբիան և Ինդոնեզիան։

Share