Տնտեսական

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճի մասին

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ 2023 թ․ ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Գերատեսչությունը նշում է, որ բոլոր հայտնաբերված խախտումների մասին նախազգուշացվել է Հայաստանի համապատասխան գերատեսչությանը։

«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի՝ Ռուսաստան ներկրման 36 դեպք», – նշված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերին նաև հայտնաբերվել է Հայաստանից մատակարարված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու 5 դեպք։

Գերատեսչությունը հավելում է, որ տվյալ արտադրանքի բուսասանիտարական սերտիֆիկատ է տրամադրվել Հայաստանի Հանրապետության համապատասխան վերահսկող մարմնի կողմից, ինչը վկայում է այն մասին, թե «Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողությունը նվազել է», և դա «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար»։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել սպառիչ միջոցներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանն այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։

Սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է բնականոն ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել։

Share