Ոչ բոլոր ամերիկյան միկրոսխեմաներ արտադրողներն են գոհ Պեկինի նկատմամբ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցներից, քանի որ սահմանափակումները հանգեցնում են շահույթի կորստի։ Այս մասին Կալիֆորնիայում Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի կազմակերպած ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։
«Ես գիտեմ, որ այստեղ կան միկրոսխեմաներ արտադրող ընկերությունների ղեկավարներ, որոնք զայրացած են իմ արածից, քանի որ շահույթ են կորցնում: Բայց դա կյանքն է: Ազգային անվտանգության պաշտպանությունն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ շահույթը», – ասել է պաշտոնյան:
Նախարարն ասել է, որ ընդհանուր առմամբ այս ոլորտի ներկայացուցիչները «համագործակցում և օգնում են» իր ղեկավարած գերատեսչությանը, բայց ինքն ընդունում է որոշ խնդիրների առկայությունը։
«Մենք լավ հարաբերություններ ունենք: Բայց, իհարկե, կա որոշակի բնական լարվածություն: Սա առաջին դեպքն է, երբ մենք մի ամբողջ երկրի, այսինքն՝ Չինաստանին զրկում ենք կիսահաղորդիչների և սարքավորումների հասանելիությունից: Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությունը», – խոստովանել է նախարարը:
Ռայմոնդոն նաև մտահոգություն է հայտնել, որ եթե Ճապոնիան և Նիդեռլանդները, որոնց գործարանները առաջատար դիրքեր են զբաղեցնում կիսահաղորդչային սարքավորումների արտադրության ոլորտում, շարունակեն մատակարարումները դեպի Չինաստան, ապա ԱՄՆ-ի սահմանափակող միջոցները որևէ իմաստ չեն ունենա։ Այդ իսկ պատճառով նա հայտարարել է Չինաստանի դեմ պատժամիջոցների հարցում նրանց հետ համագործակցելու անհրաժեշտության մասին։