Բաժին. Տնտեսական

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով իրականացվող աշխատանքներին:

Փոխվարչապետը, մասնվորապես, եղել է Մասիսի տարածաշրջանի Այնթապ համայնքում և այցելել է նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ: Նշենք, որ նոր մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով 98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով, 120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, եւս 90 մլն դրամ` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով մասնակցում է նաեւ համայնքը: Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցել են, որ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:

Այնթապի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների վերանորգման հարցը նույնպես ընդգրկվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերում: Փոխվարչապետին զեկուցվել է, որ թիվ 1 դպրոցի վերանորոգումն արդեն ավարտված է, այդ նպատակով առաջին եւ երրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ հատկացվել էր 18 մլն դրամ, իսկ թիվ 2 դպրոցի նորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Մասիսում փոխվարչապետին ներկայացվել է բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները: Երրորդ ծրագրով շուրջ 41 մլն դրամ է հատկացվել քաղաքի թիվ 33 եւ թիվ 35 շենքերի տանիքների նորոգման համար, որոնցից առաջինի աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս շենքի տանիքի նորոգումը կավարտվի առաջիկա շաբաթներին: Քաղաքի փողոցների ասֆալտապատման նպատակով երկրորդ ծրագրով հատկացվել էր 140 մլն, երրորդ ծրագրով` 164 մլն դրամ, աշխատանքներն արդեն ավարտվել են:

Արտաշատի տարածաշրջանում փոխվարչապետը ծանոթացել է Մրգավանի դպրոցի վերանորոգման աշխատանքերին, որոնք արդեն ավարտման փուլում են: Դպրոցի նորոգման համար առաջնահերթ ծրագրերով հատկացվել է 45 մլն դրամ: Մրգավետ համայնում մանկապարտեզի շենքի նորոգումը նախատեսում է ավարտել հաջորդ շաբաթ: Առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 30,5 մլն դրամ:

Արտաշատ քաղաքում փոխվարչապետին ներկայացվել է թիվ 2 մանկապարտեզի նորոգման ընթացքը: Նշվել է, որ երկրորդ եւ երրորդ ծրագրերով հատկացված շուրջ 40 մլն դրամով նախատեսված աշխատանքներն առաջիկայում կավարտվեն: Զեկուցվել է, որ ավարտվել են քաղաքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր շուրջ 70 մլն դրամ:

Արարատի տարածաշրջանում փոխվարչապետը եղել է նաև Արալեզ գյուղում, որտեղ երրորդ ծրագրով հատկացված 19,5 մլն դրամով առաջիկայում ավարտին կհասցվեն գազիֆիկացման աշխատանքները:

Վեդի քաղաքում փոխվարչապետն այցելել է հիմնանորոգվող մշակույթի տան շինհրապարակ: Շենքի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով 80 մլն դրամ էր հատկացվել, աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետբյուջեից եւս 225 մլն դրամ է տրամադրվել: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ դրանք նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:

Փոխվարչապետին տեղեկացվել է, որ երրորդ ծրագրով Շաղափ համայնքում 1,3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվել, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարման վիճակը, իսկ Արարատ գյուղում կատարվել են գազիֆիկացման եւ ասֆալտապատման աշխատանքներ` համապատասխանաբար 8,2 եւ 48,5 մլն դրամով:

Զեկուցվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 95 տոկոս: ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ` չորրորդ ծրագրով մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նույնպես կուղղվի դպրոցների, մանկապարտեզների շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազատարերի կառուցմանը եւ համայնքային նշանակության այլ հրատապ խնդիրների լուծմանը:

Share