Տնտեսական

Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հունվար-նոյեմբերին կրճատվել է 5.6%-ով

Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին կազմել է 5.41 տրիլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 5.6%-ով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչությունը։

Ինչպես հետևում է դեպարտամենտի կայքում հրապարակված տվյալներից, 11 ամսվա ընթացքում երկրի արտահանումը կրճատվել է 5.2%-ով՝ մինչև մոտ 3.08 տրիլիոն դոլար։ Ներմուծումը նվազել է 6%-ով և կազմել 2.33 տրիլիոն դոլար։

Չինաստանի դրական հաշվեկշիռը նշված ժամանակահատվածում կազմել է 748.13 միլիարդ դոլար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.7%-ով։

Միայն նոյեմբերին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 515.47 միլիարդ դոլար՝ հոկտեմբերի համեմատ աճելով 4.5%-ով (տարեկան կտրվածքով գրանցվել է 1.2% նվազում)։ Չինաստանից արտահանումը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.2%-ով՝ կազմելով 291.93 միլիարդ դոլար (2022-ի նոյեմբերի համեմատ նվազել է մոտ 1%-ով)։ Ներմուծումը կազմել է 223.53 միլիարդ դոլար (հոկտեմբերի համեմատ աճը` 2.4%, իսկ տարեկան կտրվածքով` 1.2% նվազում):

Չինաստանը առաջատար արդյունաբերական երկրներից է և արտադրում է աշխարհում գոյություն ունեցող ապրանքների գրեթե ողջ տեսականին։ Այն ձգտում է ամրապնդել առևտրատնտեսական համագործակցությունը բոլոր պետությունների և տարածաշրջանների հետ:

Share