Բաժին. Տնտեսական

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ NOKIA-Ի ԿՐԱԾ ԶՈՒՏ ՎՆԱՍՆ ԱՃԵԼ Է 36 ԱՆԳԱՄ

Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերությունը հրապարակել է 2012 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին ընկերությունը կրել է 3,308 մլրդ եվրոյի զուտ վնաս: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 36 անգամ: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի զուտ ծավալները կրճատվել են 22,7%-ով և կազմել 22,135  մլրդ եվրո:

Նշենք, որ երկար ժամանակ Nokia ընկերությունը համարվում էր իր ոլորտի բացարձակ առաջատարը: Այս տարի, սակայն, վաճառելով շատ ավելի քան բջջային հեռախոս՝ ընկերությունն առաջատարի դիրքը զիջեց Samsung-ին: Լուրջ մրցակցություն է ընթանում նաև Nokia-ի և Apple-ի միջև:

Հիշեցնենք, որ Nokia ընկերությունը հայտարարել է Microsoft-ի հետ գործընկերության մասին: Գործընկերության շրջանակներում Nokia-ն կարտադրի Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, ինչը նշանակում է, որ ֆիննական ընկերությունն ընդունել է բջջային հեռախոսների համար նախատեսված սեփական օպերացիոն համակարգի պարտությունը: Այս համագործակցության շնորհիվ Nokia-ն կփորձի դիմակայել բջջային հեռախոսների շուկայում առկա սուր մրցակցությանը:

Share