Բաժին. Տնտեսական

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ GOOGLE-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 8%-ՈՎ

Ինտերնետային հսկան՝ Google-ը, հիասթափեցրել է բոլորին. ընկերության երրորդ եռամսյակի գործունեության ոչ այնքան տպավորիչ ֆինանսական արդյունքները սխալմամբ ժամանակից շուտ հրապարակվել են, ինչի արդյունքում բորսայական առևտուրն ընկերության արժեթղթերով մի քանի ժամ դադարեցվել է, և ընկերության արժեթղթերի գները գրանցել են զգալի անկում:

Ըստ եռամսյակային նախնական հաշվետվության, որը պետք է հրապարակվեր միայն բորսայական առևտրային շրջանի ավարտից հետո, հաշվետու եռամսյակում Google-ի շահույթը կրճատվել է 20%-ով և կազմել 2.18 մլրդ ԱՄՆ դոլար:  

Մինչև առևտրի դադարեցման պահը Google-ի արժեթղթերը «հասցրել են» գրանցել 9% գնային  անկում: Առևտրի վերականգնումից հետո ընկերության արժեթղթերի գները փոքր-ինչ աճել են, և հինգշաբթի օրվա առևտրային շրջանի ավարտին օրվա մեկնարկային գնի համեմատությամբ Google-ի արժեթղթերի գների անկումը կազմել է 8%:

Google-ի հիմնադիրներից Լարի Փեյջը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝  ներողություն խնդրելով անհարմար միջադեպի համար: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունն իրեն լավ է դրսևորել. ընկերության եկամուտներն աճել են 45%-ով և կազմել 14 մլրդ ԱՄՆ դոլար:

Share