Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ

Երևանում բացվել է Հայ բարերարների ճեմուղի: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

Հայրենանվեր գործունեության և հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձև զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: Ճեմուղու միջնամասում էլ տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանուշ Հակոբյանի և հյուրերի հետ շրջել է ճեմուղով, ծանոթացել աշխատանքներին և հետևել արարողության գեղարվեստական մասին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը միության անդամների անունից շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի սրտում ճեմուղու բացման կապակցությամբ և վստահեցրել, որ նման ուշադրությունը սփյուռքի համար կարևոր ու մեծ նշանակություն ունի: 

Share