Բաժին. Տնտեսական

NOKIA-Ն ԳՏԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է 750 մլն եվրո ընդհանուր ծավալով փոխարկելի պարտատոմսերի թողարկման մասին: Ընկերությունը վստահ է, որ այս նոր փոխառությունը կամրապնդի Nokia-ի ֆինանսական դրությունը և կօգնի ժամանակին կատարել պարտավորությունները:  

Սպասվում է, որ նոր պարտատոմսերը, որոնց մարման ժամկետը 2017 թվականին է, կսկսեն շրջանառվել արդեն այս շաբաթվանից: Պարտատոմսերի համար տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 4,25-5%:

Նշենք, որ արդեն երկար ժամանակ Nokia-ն աշխատում է վնասով: Բջջային հեռախոսների արտադրության ոլորտի երբեմնի բացարձակ առաջատար ընկերությունը 2012 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով կրել է 3,308 մլրդ եվրոյի զուտ վնաս: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 36 անգամ: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի զուտ ծավալները կրճատվել են 22,7%-ով և կազմել 22,135 մլրդ եվրո:

Nokia-ի անհաջողությունների հիմնական պատճառն, ըստ վերլուծաբանների, շուկայում աճող մրցակցությունն ու սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի աճն է:

Share