Բաժին. Տնտեսական

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈԴԵԼՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ

Բյուջետային խնդիրների «համաճարակը» հասել է նաև Ավստրալիա: Համաշխարհային շուկայում հումքային ակտիվների գների նվազումն ու արտահանման ծավալների շարունակական անկումը ստիպել են Ավստրալիայի կառավարությանն անցնել խիստ տնտեսող քաղաքականության:

Վերջին ժամանակահատվածում գրանցված զարգացումների ընդհանուր համատեքստում վերլուծաբանները փաստում են, որ տնտեսական զարգացման ավստրալիական մոդելը, որի հիմքում ընկած է տնտեսության խիստ կախվածությունը հումքային ռեսուրսների արտահանումից, աստիճանաբար դառնում է պակաս արդյունավետ: Ավստրալիայի կառավարությունն արդեն գիտակցում է, որ հումքային ակտիվների բումն ավարտվել է, և թանկ հումքի միջոցով փող աշխատելու հեշտ տարբերակն արդեն անցյալում է:

Համաշխարհային շուկայում երկաթի հանքաքարի, ածուխի և այլ հումքային ռեսուրսների գների անկումը ստիպել է Ավստրալիայի կառավարությանը վերանայել և կրճատել երկրի բյուջեի եկամուտների մասով կանխատեսումները:

Միևնույն ժամանակ, նվազեցվել է նաև տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը: Նոր կանխատեսմամբ` 2012 թվականին Ավստրիալիայի տնտեսությունը կաճի 3%-ով:

2013 թվականի համար Ավստրիալիայի կառավարությունը նախատեսում է պետական ծախսերի կրճատում` շուրջ 4.1 մլրդ ԱՄՆ դոլարով:

Share