Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը նախ շնորհավորել է հյուրին` միջկառավարական հաձնաժողովի համանախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ հանձնաժողովը նույն արդյունավետությամբ կշարունակի աշխատանքները: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է բարեկամ Իրանի հետ խորացնելու առեւտրատնտեսական համագործակցությունը:

Մաջիդ Նամջուն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը վկայում է երկկողմ հարաբերությունների աստիճանական զարգացման մասին: Նա անդրադարձել է Երեւանում մեկնարկած միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում քննարկվող հարցերին` վստահություն հայտնելով, որ ընդունվելիք որոշումները կնպաստեն երկու երկրների ապրանքաշրջանառության ավելացմանը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ էներգետիկ եւ տնտեսական ոլորտների խոշոր ծրագրերի եւ դրանց իրականացման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը նշել է, որ բոլոր այդ ծրագրերը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, եւ հայկական կողմը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել դրանց իրականացմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ սահմանային հատվածում գարնանային հեղեղումների հետ կապված համատեղ աշխատանքների իրականացման վերաբերյալ, անդրադարձան նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ արդյունավետ համագործակցությանը:

Share