Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏ. ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱԿԱՍ

Տնտեսության տարբեր ոլորտներում կա աշխատուժի պակաս, ինչը վկայում է, որ առկա է որակապես նոր խնդիր, այն է` կառուցվածքային գործազրկություն: Այսօր` հոկտեմբերի 25-ին կայացած կառավարության նիստի շրջանակներում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ այս խնդիրն առավել սուր է, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ աճի հնարավոր բարձր տեմպերը վտանգված են միայն մեկ պատճառով` անհրաժեշտ են աշխատանքային ռեսուրսներ։

Աշխատուժի չբավարարված պահանջարկ կա նաև քիմիական արդյունաբերության ոլորտում: Ըստ ներկայացված տվյալների` ներկա պահին Վանաձորի քիմիական գործարանում կա մոտ 150 մասնագետների կարիք։

Վարչապետի դիտարկմամբ, աշխատուժի պակասի խնդիրն արդիական է նաև մարզպետարաններում և քաղաքապետարաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխանցմամբ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում կա մոտ 300 աշխատողի պահանջ, հիմնականում` վարորդների, կանաչապատման և սանմաքրման աշխատողների։

Խնդրի կապակցությամբ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է իրականացնել վերլուծական աշխատանքներ և առաջարկություններ ներկայացնել։

Share