Բաժին. Տնտեսական

APPLE-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 1.6 ԱՆԳԱՄ

2011-2012 ֆինանսական տարվա արդյունքներով ամերիկյան Apple ընկերությունն ապահովել է 41,73 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշն աճել է շուրջ 1.6 անգամ: Միևնույն ժամանակ, հաշվետու տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 29-ին, Apple-ի հասույթն աճել է 45%-ով և կազմել 156,50 մլրդ ԱՄՆ դոլար: Գործառնական շահույթն աճել է 63%-ով` հասնելով 55,24 մլրդ ԱՄՆ դոլարի:

Apple-ի հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011-2012 ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 8,22 մլրդ ԱՄՆ դոլար` տարեկան կտրվածքով ապահովելով 24% աճ: Հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 27%-ով և կազմել 35,97 մլրդ ԱՄՆ դոլար:

Չորրորդ եռամսյակում Apple-ը վաճառել է 26 մլն iPhone, ինչը 58%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը:

Հաշվետու եռամսյակում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 14 մլն iPad պլանշետ-համակարգիչ` նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատությամբ ապահովելով 26% աճ:

Share