Բաժին. Տնտեսական

ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՀՀ ֆինանսների նախարարության ներքո գործող «Գյուղական Ֆինանսավորման Կառույց – ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը հայտարարել է մրցութային սակարկություն` ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար մինչև 300 հազ. ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ տրանշային ֆինանսավորում տրամադրելու նպատակով՝ փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացման համար:

Այս գործընթացի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը, գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար առավել մատչելի և հասանելի դարձնել ֆինանսական միջոցները:

ՀՀ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` յուրաքանչյուր վարկային կազմակերպության հայտ կուսումնասիրվի առանձին և նախընտրությունը կտրվի այն վարկային կազմակերպությանը, որը ենթավարկերը տրանշի կտրվածքով կտրամադրի ամենացածր տարեկան էֆեկտիվ տոկոսադրույքով և կապահովի միևնույն ժամանակ առավելագույն ծավալի տեղաբաշխում` վերաֆինանսավորման սկզբունքով:

Նշենք, որ ԳՖԿ-ԾԻԳ-ը համագործակցում է գյուղատնտեսական վարկավորման մեջ մասնագիտացված 7 վարկային կազմակերպությունների հետ, որոնցից 5-ը 2012թ. սեպտեմբերին վերակնքել են փոխառության համաձայնագրերը:

ԳՖԿ-ԾԻԳ-ի գործառույթներն իրականացվում են ԳԶՄՀ-IFAD և Համաշխարհային Բանկի Զարգացման Միջազգային Ընկերակցության (ԶՄԸ) ֆինանսական աղբյուրների շրջանակներում:

Ֆինանսավորումը յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կազմում է մինչև 60 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, մինչև 7 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետ մայր գումարի մարման համար` մինչև 18 ամիս:

ԳՖԿ-ԾԻԳ-ի կողմից գյուղատնտեսության ընդհանուր ֆինանսավորման ծավալը նշված աղբյուրներից ստեղծման պահից առ այսօր կազմում է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար. ֆինանսավորել են մոտ 1056  ծրագրեր ՀՀ բոլոր մարզերում:

Share