Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում աշխատանքներ տանել Ասոցացման օրակարգ ձևավորելու ուղղությամբ,  ինչը իրենից կներկայացնի Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված ոչ իրավական բնույթի փաստաթուղթ և կփոխարինի Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը:

Բանակցությունների արդյունքում կողմերն արձանագրել են, որ երկուստեք համաձայնեցված է ապագա համաձայնագրի նպատակների և ընդհանուր սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի հիմնական մասը:

Նշենք, որ ներկայումս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության առնչվող 28 գլուխներ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները:

Բանակցությունների շրջանակներում հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան հարևանության, Ռուսաստանի և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2012թ. դեկտեմբերի երկրորդ կեսին:

Share