Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացվել է ոսկերչական իրերի ցուցահանդես, որտեղ ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են «Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի» (CIBJO) նախագահ Գայետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ:

Ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հոկտեմբերի 30-ին Երևանում նախատեսված է նաև համաժողով, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ոսկերչության ոլորտի զարգացման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները:

Share