Բաժին. Տնտեսական

STARBUCKS ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

Ամերիկյան Starbucks սրճարանային ցանցի տարեկան զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 383 մլն ԱՄՆ դոլար: 2012 ֆինանսական տարվա ամփոփ հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա համեմատությամբ ցանցի զուտ շահույթն աճել է շուրջ 11%-ով:

Հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, Starbucks-ի զուտ շահույթը՝ մեկ սովորական բաժնետոմսի հաշվով, կազմել է 1,79 ԱՄՆ դոլար՝  նախորդ տարվա համեմատությամբ աճելով 10,5%-ով: Տարեկան հասույթն, աճելով 13,7%-ով, կազմել է 13 մլրդ 299 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում ամբողջ աշխարհում Starbucks-ի վաճառքի ծավալն աճել է 6%-ով:

2012 ֆինանսական տարում Starbucks-ը բացել է 1063 նոր սրճարան: 2013 ֆինանսական տարվա համար ընկերությունը նախատեսում է իր ցանցն ընդլայնել ևս 1300  նոր սրճարաններով:

Starbucks առաջին սրճարանը բացվել է 1971 թվականին: Այսօր Starbucks Corporation ցանցն ընդգրկում է ավելի քան 17 հազար սրճարան՝ աշխարհի 50 երկրում:

Share