Տնտեսական

Չինաստանն առաջին անգամ կդառնա աշխարհում ավտոմեքենաների առաջատար արտահանողը

Մինչև տարեվերջ Չինաստանն առաջին անգամ կդառնա ավտոմեքենաների աշխարհի ամենամեծ արտահանողը Ռուսաստանի և Մեքսիկայի շուկաներ մատակարարումների ավելացման շնորհիվ։ Այս մասին հայտնում է Nikkei-ը։

Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի նախնական տվյալների համաձայն՝ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Չինաստանում հավաքված ավտոմեքենաների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 58.4%-ով և կազմել 4.41 միլիոն միավոր։ Ճապոնիայի համար այս ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 3.99 միլիոն ավտոմեքենա, իսկ տարեվերջին արտահանման ընդհանուր ծավալը կանխատեսվում է 4.3 միլիոն մեքենա:Վերջին տարիներին Ճապոնիան զբաղեցրել է առաջին տեղը համաշխարհային ավտոարտահանողների վարկանիշում՝ միայն 2016-ին կորցնելով առաջատարի դիրքն ու զիջելով Գերմանիային:

Չինաստանի դիրքերի ամրապնդման գլխավոր գործոններից մեկը ռուսական շուկայում վաճառքի աճն է, որտեղից պատժամիջոցների արդյունքում հեռացան եվրոպական և ճապոնական ընկերությունները։ 2023 թվականի առաջին 11 ամիսներին Չինաստանը Ռուսաստանի Դաշնություն է մատակարարել մոտ 730 հազար ավտոմեքենա, ինչը յոթ անգամ գերազանցում է 2022-ի վիճակագրությունը:

Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է Մեքսիկան, որտեղ տարվա ընթացքում չինական մեքենաների մատակարարումները աճել են 71%-ով՝ հասնելով 330 հազար միավորի։ Չինական կոնցեռնները ձգտում են Մեքսիկայում ստեղծել հաճախորդների մեծ բազա, որը ցատկահարթակ կլինի ԱՄՆ-ի և Կանադայի շուկաներում հնարավոր ընդլայնման համար:

Share