Բաժին. Տնտեսական

2013Թ.-ԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ, ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ, ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ԵՎ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով հաջորդ տարի ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորումը կկազմի 10 մլրդ 557 մլն դրամ, որը 2012թ.-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է մոտ 1 մլրդ 420 մլն դրամով:

Ըստ նախագծի՝ նախարարության պահպանման ծախսերը 2013թ.-ին ծրագրավորված է 1 մլրդ 279 մլն դրամի չափով: ՀՀ դեսպանություններին և ներկայացուցչություններին հատկացվող ծախսերը կկազմեն մոտ 7 մլրդ 611 մլն դրամ:

Ինչպես Ազգային ժողովում կայացած «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 2013 թվականին շարունակվելու է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրական ներկայացվածության ընդլայնման քաղաքականությունը. եկող տարի դեսպանություններ կբացվեն Մեքսիկայում, Ինդոնեզիայում եւ Վիետնամում: Հայաստանը կփորձի դեսպանություն բացել նաեւ Շվեդիայում, որի որոշումը կայացվել է մեկ տարի առաջ:

Share