Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 46 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3.8 հազար տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 18.247.2 մլն դրամ կամ 45.9 մլն դոլար: Ստացված օգնության 26%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 28%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.6%-ը` մանածագործական իրերը, 9.4%-ը` սարքեր և ապարատները, 6.7%-ը` մեքենաներ,  սարքավորումներ և մեխանիզմները:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 32%-ը բաժին է ընկել Չինաստանին: Նախորդ տարվա համեմատությամբ Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են շուրջ 37%-ով:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 22%-ը, Եվրամիության երկրներին`21.5%-ը, ԱՊՀ երկրներին` մոտ 1.0%-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ն և ԱՊՀ երկրները կրճատել են Հայաստանին տրամադրվող օգնության ծավալները, իսկ ԵՄ երկրները շուրջ 44%-ով ավելացրել են մեր երկրին հատկացվող մարդասիրական օգնության ծավալները:

Share