Բաժին. Տնտեսական

ԱՐԱԲԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ CARREFOUR ՑԱՆՑԻ ՀԻՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ

Արաբական «Մաջիդ ալ Ֆուտտեյմ»  ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում` իրականացնելով մի շարք  ներդրումային ծրագրեր:

Առաջիկայում Երեւանի «Դալմա» առեւտրային համալիրում ընկերությունը կբացի  աշխարհի մի շարք երկրներում գործող Carrefour ցանցի հիպերմարկետներից մեկը:

Ինչպես ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել են ընկերության ներկայացուցիչները` ներկայումս արաբական ընկերությունը բանակցություններ է վարում նաեւ Երեւանի Ավան թաղամասում արաբ սեփականատերից հողատարածք ձեռք բերելու ուղղությամբ` կառուցապատման խոշոր ծրագիր իրականացնելու եւ եւս մեկ հիպերմարկետ բացելու համար:

Տեղեկացվել է, որ մինչեւ տարեվերջ ծրագիրը կներկայացվի ընկերության տնօրենների խորհրդի հաստատմանը: Ծրագրի ներդրումային արժեքը կազմելու է մոտ 150 մլն դոլար:

Փոխվարչապետը ողջունելի է համարել «Մաջիդ ալ Ֆուտտեյմ»  ընկերության նախաձեռնությունները` նշելով, որ Հայաստանում առկա են ներդրումային լայն հնարավորություններ, եւ Հայաստանի իշխանությունները խրախուսում են տարբեր ոլորտներում միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայությունն ու գործունեությունը:

Փոխվարչապետը ողջունելի է համարել նաև Carrefour-ի մուտքը Հայաստան` նկատելով, որ աշխարհում հայտնի խոշոր ցանցը ոչ միայն նոր որակի ծառայություններ է մատուցելու Հայաստանում, այլեւ հնարավորություն է ստեղծվելու հայկական գյուղատնտեսական եւ վերամշակող արտադրանքը իրացնել աշխարհում` ցանցի հիպերմարկետների միջոցով:

«Մաջիդ ալ Ֆուտտեյմ»-ը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում բազմաֆունկցիոնալ առեւտրային համալիրների, ժամանցային կենտրոնների շահագործման ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություն է: Ընկերությունը տարածաշրջանում համարվում է ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի արտոնագրային գործընկերը:

Share