Տնտեսական

Չինաստանն ահազանգում է ԱՄՆ-ի արտահանման սահմանափակումների հետևանքների մասին

Համակարգչային միկրոսխեմաների Չինաստան արտահանումը սահմանափակող ԱՄՆ-ի միջոցները դուրս են գալիս ազգային անվտանգության սահմաններից և խաթարում մատակարարման շղթաները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Միացյալ Նահանգներն օգտագործել է ազգային անվտանգության հայեցակարգը որպես պատրվակ՝ սահմանափակելու չիպերի արտահանումը Չինաստան: Իրականում այդ միջոցները լիովին դուրս են գալիս ազգային անվտանգության հայեցակարգից և էապես սահմանափակում են սպառողական միկրոսխեմաների առևտրի բնականոն գործընթացը», – ասել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ Վաշինգտոնի գործողությունները «էապես ազդել են մատակարարման միջազգային շղթաների կայունության վրա և վնասել միջազգային համագործակցությանը»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերությունը դադարեցրել է չինական ընկերություններից նոր միկրոսխեմաների պատվերներ ընդունումը՝ ԱՄՆ-ի արտահանման սահմանափակումների պատճառով։

 

Share