Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Բաղդադում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ:

Հայաստանի եւ Իրաքի պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են երկրների տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ քննարկել են տնտեսական, առեւտրի, ներդրումների եւ գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական հարաբերությունների եւ ապրանքափոխանակության մակարդակի բարձրացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրաքյան կողմը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում դեսպանատան վերաբացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Նշվել է, որ մինչեւ տարեվերջ կլուծվի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը:

Իրաքյան կողմը նաեւ տեղեկացրել է, որ հետաքրքրությամբ են ծանոթացել Բաղդադի միջազգային 39-րդ առեւտրի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում ներկայացված արտադրանքին: Առաջարկ է եղել կազմակերպել հայկական արտադրանքի առանձին ցուցադրություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-իրաքյան գործարար համաժողով, որի շրջանակում էլ կարող է կազմակերպվել նշված ցուցահանդեսը:

Գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության համատեքստում քննարկվել են գյուղմթերքի, հանքային եւ խմելու ջրերի, պահածոների արտահանման հնարավորությունները: Քննարկվել են նաեւ տնկիների եւ սերմերի արտադրության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների եւ ջրի օգտագործման բնագավառում փորձի փոխանակման, գյուղատնտեսական գիտակրթական հաստատությունների միջեւ կապերի հաստատման, մասնագետների վերապատրաստման հարցեր:

Առողջապահության ոլորտում կողմերը կարեւորել են կադրերի պատրաստման, բուժհաստատությունների միջեւ կապերի հաստատման ոլորտներում փոխգործակցությունը: Անդրադարձ է եղել դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորություններին:  Քննարկվել են Իրաքից Հայաստանում բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցեր:

Էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում փոխգործակցության ծրագրի մշակման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Կողմերը համաձայնության են եկել համագործակցել նավթագազային արդյունահանման բնագավառում:
Կողմերը կարեւորել են նաեւ կայուն օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ աշխատանքները:

Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ` մի շարք ոլորտներում համաձայնագրերի ստորագրման, համատեղ ծրագրերի իրականացման, գործարար ուղիղ շփումների ակտիվացման, ներդրումներին վերաբերող տեղեկատվական նյութերի, փորձի փոխանակման վերաբերյալ:

Պայմանավորվածություն են ձեռք բերվել նաեւ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կզբաղվի երկու երկրների միջեւ ցամաքային հաղորդակցության արդյունավետ ուղիների հնարավորությունների ուսումնասիրմամբ, կներկայացնի առաջարկություններ:

Share