Բաժին. Տնտեսական

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ. Ի ԴԵՄՍ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ՝ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Եվրամությունը եղել է, կա և շարունակում է մնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գլխավոր գործընկերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն՝ ընդգծելով, որ ի դեմս Եվրամիության՝ մեր երկիրն ունի կայուն և վստահելի գործընկեր:

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմակերպված՝ ԵՄ աջակցությամբ իրականացված արդարադատության ոլորտին վերաբերվող ծրագրերի արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառման շրջանակներում  Հրայր Թովմասյանը վստահություն է հայտնել, որ իրականացված փոփոխությունները նոր որակ են հաղորդելու քաղաքացի-պաշտոնատար անձ հարաբերություններում:

Նշվել է, որ Եվրոպական Միության և ՀՀ Արդարադատության նախարարության ջանքերը ուղղված են ապահովելու արդարադատության անկախությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև  ուղղված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսի խոսքով՝ համագործակցության կարևոր ոլորտներ են հանդիսանում նաև թափանցիկության ապահովումը, արդյունավետության բարձրացումը, բնակչությանը ավելի լավ ծառայությունների մատուցումը և արդարադատության համակարգի մատչելիությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպանը ԵՄ աջակցության շրջանակներում նշել է որոշ կոնկրետ արդյունքներ, որոնցից են՝տարբեր մարզերում  դատարանների նոր կառուցված շենքերը և գործող շենքերի վերանորոգումը, դատարաններում էլեկտրոնային տեղեկատվական տերմինալների տեղադրումը,   արբիտրաժային և պրոբացիոն համակարգերի խթանումը և դատարանների փաստաթղթային կառավարման նոր համակարգի ներդրումը: ԵՄ աջակցությամբ ստեղծվել է նաև Փաստաբանների դպրոց, իսկ ԵՄ փորձագետների աջակցությամբ փորձաքննություն են անցել բազմաթիվ իրավական ակտեր:

«Չնայած մինչ այժմ կատարված աշխատանքներին՝ ԵՄ-ն բազում  բարեփոխումներ ունի կատարելու Հայաստանում։»,- ասել է  Օննո Սիմոնսը:

Նշենք, որ ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտին ներառում է բյուջետային աջակցություն Հայաստանին, ինչպես նաև տեխնիկական օժանդակության միջոցառումներ (€18 միլիոն), Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ ծրագիր (մոտ €4 միլիոն), Թվինինգ ծրագիր Գերմանիայի և Իսպանիայի հետ (€1 միլիոն) և տեխնիկական աջակցության այլ ծրագրեր` ընդհանուր առմամբ մոտ €23 միլիոնի չափով: Այս ծրագրերը հանդիսանում են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում  Հայաստանին տրամադրվող լայնածավալ օժանդակության մաս:

Share