Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ ՄԱՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ

Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության և, մասնավորապես, Եվրոգոտու անդամ երկրների տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ իր նոր գնահատականներն ու կանխատեսումները, որոնք այնքան էլ հուսադրող չեն և շատ ավելի վատատեսական են, քան նախորդ՝ գարնանը հրապարակված գնահատականները:

Եվրահանձնաժողովի դիտարկմամբ՝ ԵՄ անդամ երկրների համար արդեն իսկ հրատապ և առաջնային են դարձել տնտեսական աճի և զբաղվածության հետ կապված խնդիրները: Բյուջեի աճող պակասուրդի և պետական պարտքի հետ կապված խնդիրներն այժմ դասակարգվում են որպես «երկրորդային»:

Ըստ կանխատեսումների՝ տարածաշրջանում պահանջարկի շարունակական անկման աևրդյունքում ընթացիկ տարում Եվրագոտում կգրանցվի 0.4% տնտեսական անկում, իսկ Եվրամիության անդամ երկրների ՀՆԱ-ն կկրճատվի 0.3%-ով:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2013 թվականին Եվրոգոտու ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0.1%-ով, իսկ Եվրամիության անդամ երկրներում ՀՆԱ-ի աճը կկազմի 0.4%:

Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ ընթացիկ տարում գործազրկության մակարդակը Եվրոգոտում կկազմի 11,3%, 2013 թվականին՝ 11,8%, 2014 թվականին՝ 11,7%, իսկ Եվրամիությունում՝ համապատասխանաբար՝ 10,5%, 10,9% և 10,7%:

Կանխատեսվում է նաև, որ 2013 թվականին Եվրամիության երկրների բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3.2%-ը, իսկ Եվրոգոտում՝ 2,6%-ը:

Share