Տնտեսական

Եկամտահարկի վերադարձի համակարգը կդադարի գործել նաև մարզերում

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձը 2027-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում: Նախագծի նպատակներից է հիփոթեքային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելը երկարաժամկետ հեռանկարում: Ըստ փոխնախարարի՝ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները:

2021-ի վերջին ընդունվել էր օրենք, որով սահմանվել էր, որ որոշակի ժամանակացույցով համակարգի կիրառությունը կդադարեցվի Երևանում: Վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն է, այսինքն՝ դրանից հետո ստացվող վարկերի մասով այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի:

Այսպիսով, Երևանին հարակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար. Ի դեպ, նախագծով առաջարկվող կարգավորմանը հետադարձ ուժ չի տրվելու:

Փոփոխություն է կատարվում նաև վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափի հարցում: Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 միլիոն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով: 2023 թվականն ամփոփվել է շուրջ 52 միլիարդ դրամ եկամտային հարկի վերադարձով, 2022-ին թիվը եղել է 36.5 միլիարդ դրամ: Այս տարվա համար գնահատվում է շուրջ 80 միլիարդ դրամ:

Հաջորդիվ նախագիծը կքննարկվի լիագումար նիստում:

Share