Բաժին. Տնտեսական

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Սուլեյմանիայում հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ:  

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ փոխվարչապետն Իրաքի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

Ջալալ Թալաբանին ընդգծել է, որ Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ ակտիվացմամբ: Նա ողջունել է կողմերի ջանքերը` միջկառավարական հանձնաժողովը կարճ ժամկետներում ձեւավորելու եւ առաջին նիստը գումարելու ուղղությամբ:

Փոխվարչապետը ներկայացրել է հանձնաժողովի նիստի արդյունքները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման անհրաժեշտությանը: Ա. Գեւորգյանը տեղեկություններ է հաղորդել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես խոսվել է տրանսպորտային, նավթագազային, էներգետիկ եւ մի շարք այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին:

Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, արձանագրվել է, որ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում իրականում գոյություն ունեցող ներուժին, եւ նոր ձեւավորված միջկառավարական հանձնաժողովի առաջնահերթ խնդիրը պետք է լինի այդ ներուժի բացահայտումն ու իրացումը:

Իրաքի նախագահը կարեւորել է համատեղ ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա նաեւ իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի նախագահին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Նա ողջունել է Իրաքի իշխանությունների` երկրի կայունացմանն ուղղված ջանքերը եւ խաղաղություն մաղթեց Իրաքի բարեկամ ժողովրդին:

Իրաքի նախագահն առանձնահատուկ ջերմությամբ խոսել է հայ համայնքի մասին` ընդգծելով նրա դերը Իրաքի զարգացման գործում:

Share