Բաժին. Տնտեսական

9 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ MCDONALD'S-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Վերջին 9 տարվա ընթացքում առաջին անգամ McDonald’s ցանցը գրանցել է վաճառքի ծավալների անկում. հոկտեմբերին արագ սննդի սպասարկման ոլորտում համաշախարհային առաջատարներից մեկը համարվող ընկերությունը գրանցել է համախառն հասույթի ավելի քան 2% անկում: Ընդ որում, միայն Եվրոպայում McDonald’s ցանցը գրանցել է վաճառքի 2.2% անկում, Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ 2.4% անկում: Ցանցի հիմնական շուկայում՝ ԱՄՆ-ում, վաճառքի ծավալների անկումը կազմել է 2.2%:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները վաճառքի ծավալների անկումը պարզաբանում են համաշխարհային տնտեսությունում տիրող անկայուն իրավիճակով, ինչպես նաև արագ սննդի սպասարկման ոլորտում առկա մրցակցության առավել խորացմամբ:

Նշենք, որ McDonald’s-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 33 հազար սպասարկման կենտրոն:

2011 թվականի արդյունքներով McDonald’s-ի զուտ շահույթը կազմել էր 5.5 մլրդ ԱՄՆ դոլար: Ընթացիկ տարվա առաջին կիսամսյակի արդյունքներով ցուցանիշը կազմել էր 1.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Share