Բաժին. Տնտեսական

ԻՏԱԼԱԿԱՆ «ԱԼԻՏԱԼԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱ

Իտալական «Ալիտալիա» ավիաընկերությունը մուտք է գործում հայաստանյան շուկա: Ընկերությունը դեկտեմբերից թռիչքներ կիրականացնի Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ: Նոր չվերթը իրականացվելու է Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից: Թռիչքը կտևի մոտ 3.5 ժամ:

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ալիտալիա» ավիաընկերության տարածաշրջանային գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնինին տեղեկացրել է, որ ընկերությունը կծրագրի ընդլայնել իր ներդրումները Հայաստանում, եթե առաջիկա սպասելիքները արդարանան: Նա նշել է, որ այժմ ավիաընկերության  շարժակազմն ամբողջությամբ նորացվել է, և ինքնաթիռների միջին տարիքը 6.5 տարի է:

Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի գնահատմամբ՝ «Ալիտալիա» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա կնպաստի հայ-իտալական հարաբերությունների բարելավմանը:

Դեսպանը նշել է, որ Հայաստան եկող եվրոպացի զբոսաշրջիկների թվում իտալացիներն ամենաշատն են, և, հետևապես, երկու երկրների միջև ուղիղ կապի հաստատումն անհրաժեշտություն է:

Share