Տնտեսական

2023-ի ամփոփմամբ՝ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև առևտուրը կարող է գերազանցել 200 միլիարդ դոլարը

Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտուրը 2023-ին կարող է գերազանցել 200 միլիարդ դոլարը։ Այս մասին ասվում է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական կայքի հաղորդագրության մեջ: Նյու Դելիում անցկացված Առևտրային քաղաքականության 14-րդ համաժողովին մասնակցել են Հնդկաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Պիյուշ Գոյալը և ԱՄՆ ներկայացուցիչ Քեթրին Թայը:

«Պաշտոնյաները բարձր են գնահատել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքների և ծառայությունների երկկողմ առևտրի զգալի աճը, որը շարունակում է աճել և, ամենայն հավանականությամբ, 2023 օրացուցային տարում կհատի 200 միլիարդ դոլարը՝ չնայած գլոբալ առևտրային բարդ միջավայրին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է։

Հնդկաստան-ԱՄՆ Առևտրային քաղաքականության ֆորումի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարին։ Այս տարվա հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ առևտրային հարաբերությունների վրա ազդող խնդիրների լուծման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը, մասնավորապես՝ երկու երկրների միջև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում յոթ երկարատև առևտրային վեճերի լուծումը:

Հիշեցնենք՝ երկու երկրների միջև առևտրային վեճեր ծագեցին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: 2018-ին Միացյալ Նահանգները լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց աշխարհի շատ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից պողպատի և ալյումինի ներմուծման համար։ Ի պատասխան՝ Նյու Դելին լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ից մի շարք ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, ինչպես նաև մոտոցիկլետների և մի շարք մետալուրգիական ապրանքների ներմուծման վրա։

Share