Բաժին. Տնտեսական

AMAZON-Ը, GOOGLE-Ը ԵՎ STARBUCKS-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բյուջետային կոմիտեի ներկայացուցիչներն ամերիկյան Amazon, Google և Starbucks ընկերություններին մեղադրել են բրիտանական բյուջե հարկերի վճարումից խուսափելու մեջ: Նշված ընկերությունները Մեծ Բրիտանիայի տարածքում աշխատած իրենց եկամուտների հաշվարկման համար օգտագործում են բարդ հաշվապահական մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս «օրենքի սահմաններում» խուսափել հարկերից: Նման վարքագիծը խորհրդարանի ներկայացուցիչները անվանել են անարդար:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Starbucks-ը, որը Մեծ Բրիտանիայում հաշվառված է որպես վնասով աշխատող ընկերություն և բրիտական բյուջե է վճարում շատ փոքր գումարներ, արդեն երկար ժամանակ այլ վճարումների տեսքով մեծ գումարներ է փոխանցում ԱՄՆ-ում տեղակայված իր գլխամասային գրասենյակ, ինչպես նաև եվրոպական այլ երկրներում գործող ստորաբաժանումներ: Նման կերպ են գործել նաև Amazon-ը և Google-ը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բյուջետային կոմիտեի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝  2011 թվականին Google-ը Մեծ Բրիտանիայում աշխատել է 2,5 մլրդ ֆունտ և հաշվետու տարվա համար բրիտանական բյուջե է վճարել միայն 3,4 մլն ֆունտ հարկ:

Խորհրդարանի ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում անհրաժեշտ և պարտադիր են համարում հարկային բարեփոխումների իրականացումը:

Ըստ տարածած հայտարարության՝ Մեծ Բրիտանիայում ամերիկյան վերազգային կորպորացիաների կողմից հարկեր չվճարելը վնասում է բրիտանական բիզնես ոլորտի ներկայացուցիչների շահերը:

Share