Տնտեսական

Ֆրանսիայում փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա գրեթե 10%-ով

Էլեկտրաէներգիայի սակագինը Ֆրանսիայում փետրվարի 1-ից կբարձրանա 9.8%-ով։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։

«Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 9.8%-ով՝ էլեկտրաէներգիայի սպառման համար տարբերակված սակագներ վճարողների համար, իսկ բազային դրույքաչափերը վճարողների համար՝ 8.6%-ով»,- ասել է Լը Մերը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է այսպես կոչված «սակագնային վահանի» դադարեցմամբ: «Սակագնային վահանը», ինչպես իշխանությունները կոչել են էլեկտրաէներգիայի գները զսպելու իրենց քաղաքականությունը, ներդրվել է 2022 թվականին՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով և դադարեցվելու է հունվարի 31-ին:

Լը Մերը նշել է, որ «սակագնային վահանի» շնորհիվ տնտեսությունների էլեկտրաէներգիայի ծախսերի կեսը ծածկվել է։

«Մենք շատերին ենք օգնել, հիմա էլ պետք է օգնենք պետական ​​ֆինանսներին»,- ընդգծել է նախարարը։

Նախորդիվ սակագինը վերանայվել էր 2023-ի օգոստոսի 1-ին՝ 10% աճմամբ: Պաշտոնյայի խոսքով՝ հաջորդ վերանայումը 2025-ի փետրվարից շուտ չի լինի:

Share