Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԳՈՀ Է ՀՀ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՑ

Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից Հայաստանում իրականացվող ջրամատակարարման և  ջրահեռացման ոլորտի ծրագրերի ղեկավար Ահմեդ Իհվեյդան գոհացուցիչ է համարել արձանագրված արդյունքները և դրական գնահատել իրականացվող ծրագրերին կառավարության ցուցաբերած աջակցությունը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ՀԲ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել օպերատոր ընկերությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել կատարվող աշխատանքներին:

Հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել ոլորտի զարգացման հեռանկարներին: 

Կողմերը կարեւորել են համակարգում բարեփոխումների շարունակումը` արձանագրելով, որ ավելացել է նաեւ ոլորտով հետաքրքրվող դոնոր կազմակերպությունների թիվը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգի կառավարման սցենարների մշակման վերաբերյալ: Փոխվարչապետը ՀԲ գործընկերներին առաջարկել է փորձագիտական մակարդակով սկսել աշխատանքները, որպեսզի գարնանն արդեն որոշակի տեսլական ներկայացվի կառավարությանը:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանին ՀԲ-ի կողմից տրամադրվող բյուջետային օժանդակության վարկին, մասնավորապես, ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված պայմաններին:

Share