Տնտեսական

2023-ին Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը Թուրքիան էր, հաջորդիվ՝ Ռուսաստանը

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023-ին կազմել է գրեթե 2.5 միլիարդ դոլար, ինչը 3%-ով պակաս է 2022-ի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ 2023-ին նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է 11.2%։ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը 2023 թվականին կազմել է ավելի քան 657 միլիոն դոլար (աճը՝ 2.2%), իսկ ներմուծումը` մոտ 1.8 միլիարդ դոլար (անկումը՝ 5%)։

Վրաստանի առևտրային գործընկերների թվում 2023-ին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը կազմել է գրեթե 3 միլիարդ դոլար, ինչը 6%-ով ավելի է 2022-ի ցուցանիշից։

Երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն: Միացյալ նահանգների հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարը, ինչը 60%-ով ավելի է նախորդ տարվա տվյալներից։

Դրան հաջորդում են Չինաստանը՝ ավելի քան 1.6 միլիարդ դոլար, Ադրբեջանը՝ ավելի քան 1.5 միլիարդ դոլար և Հայաստանը՝ ավելի քան 1.1 միլիարդ դոլար։

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 21.5 միլիարդ դոլար (աճը՝ 12.5%)։ Արտահանումը կազմել է ավելի քան 6 միլիարդ դոլար (աճը՝ 9.1%), իսկ ներմուծումն` ավելի քան 15 միլիարդ դոլար (աճը՝ 14%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի ընթացքում գերազանցել է 9.3 միլիարդ դոլարը։

Share