Բաժին. Տնտեսական

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կբարելավվեն ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները, կկրճատվեն ութ բիզնես գործընթաց, արտոնագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը, որոշում կայացնելու ժամկետը։ 

Կառավարության հավանությունն է ստացել նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է վերացնել ոլորտում գործունեություն ծավալելու համար տրվող երեք արտոնագիր, էականորեն կրճատել ռադիոհաճախականությունների օգտագործման, համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության տրամադրման փաստաթղթերը։ 

Միևնույն ժամանակ, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները։ Ուսումնասիրվել է այդ համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումները փոփոխելու հարցերը կարգավորող իրավական դաշտը։ Որոշմամբ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը փոփոխվում է` նպատակ ունենալով գործարար միջավայրի բարելավման համատեքստում բարելավել և պարզեցնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Մասնավորապես, Ջրամատակարարի կայքում տեղադրվելու են համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար գրավոր դիմումի օրինակելի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, պայմանագրերի օրինակելի ձևերը և այլն։ Այդպիսով կբարձրանա հանրային իրազեկվածությունը, կպարզեցվեն գործարար հարաբերությունները, կկրճատվի ծառայության ստացման համար ծախսվող ժամանակը և այլն։ 

Վերը նշված ջրամատակարարմանը վերաբերող որոշման և օրենքների նախագծերը կառավարության քննարկմանն է ներկայացրել կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը` ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ։ 

Նշենք նաև, որ կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծի փաթեթը, որով առաջարկվում է առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակը հաշվարկել փաստացի վճարվող աշխատավարձերից։ 

Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել այն ընկերությունները, որոնք առավել անհրաժեշտ են պետությանը` իր առջև դրված խնդիրների իրականացման համար։

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ 

Share