Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՈՒՐՈՒԳՎԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը:

«Համոզված ենք, որ ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման և խորացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին, Խորխե Օռիկոն նշել է, որ իր երկրի համար Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում ունի ռազմավարական նշանակություն և կարող է կապող օղակ հանդիսանալ այս տարածաշրջանի պետությունների հետ: «Բացի այդ, մեզ միավորում է անցյալը, ներկան և ապագան: Ուրուգվայի հայ համայնքը մեր երկրի համար ունի խիստ կարևոր նշանակություն, մեծ է նրա ներդրումը մեր պետության զարգացման գործում»,- նշել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը:

Զրուցակիցները կարևորել են ոչ միայն երկկողմ քաղաքական, մշակութային ոլորտներում համագործակցությունը, այլև տնտեսական կապերի հաստատումը: Վարչապետը նշել է, որ պետք է ջանքեր գործադրվեն՝ բացահայտելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ուղղությունները՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկեգործության, ադամանդագործության, դեղագործության և զբոսաշրջության բնագավառներում: Վարչապետը հանձնարարել է երկու երկրների գործարարների միջև կազմակերպել հանդիպումներ՝ նոր կապերի հաստատմանը նպաստելու համար:

Share