Բաժին. Տնտեսական

ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԺՄ ՈՒՆԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՐԱՀ

Գործարկվել է Վանաձորի տարածքային հարկային տեսչության սպասարկման նորաոճ կենտրոնը: Այն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով՝ վերազինված նորագույն սարքավորումներով և վերանորոգված աշխատասենյակներով: Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականցվում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Սպասարկման կենտրոնի միջոցով իրականացվում է հարկատուների հետ տարվող աշխատանքի շուրջ 90 տոկոսը, այդպիսով շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ նվազեցվում է:  

Սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումներին զուգընթաց կատարելագործվում են նաև հսկողական մեխանիզմները, մասնավորապես հարկային վարչարարության գործընթացներում ներդրվել է էլեկտրոնային կառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս նվազագույն շփման պայմաններում իրականացնել առավել արդյունավետ հսկողություն:

«Վանաձորի ՏՀՏ-ն մասնագիտական հմտություններով համարվում է մեր լավագույն տեսչություններից մեկը: Վանաձորում է նաև գործում տարածաշրջանային առաջին կենտրոնը, որը սպասարկում է Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի, Տաշիրի հարկ վճարողներին: Մարզերում իրականացվող ՊԵԿ բարեփոխումները նախ հենց այս տարածաշրջանում են փորձարկվում, ապա տեղայնացվում տարածքային հարկային մյուս տեսչություններում», – նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: 

Նշենք, որ այս տարածաշրջանում նախկինում գործող 7 տեսչություններ այժմ վերակազմավորվել են մեկ կառույցում:

Երևանում և մարզերում  ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկման գործընթացը մեկնարկել էր 2010 թվականին: Այս տարիների ընթացքում Երևանում բացվել է սպասարկման 10 կենտրոն` Կենտրոնի, Արաբկիրի, Խոշոր հարկ վճարողների, Էրեբունու, Նոր Նորքի, Շենգավիթի և Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություններում, իսկ մարզերում` Սևանի, Եղեգնաձորի, Գյումրիի տարածքային հարկային տեսչություններում:

Share