Տնտեսական

Արմեն Նուրբեկյանը՝ 2023-ի հայաստանյան մակրոմիջավայրի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը, որի շրջանակում ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց մակրոտնտեսական քաղաքականության զարգացումները Հայաստանում:

Նուրբենկյանն իր ելույթը սկսեց նախորդ տարվա հիմնական անորոշություններից՝ առաջնահերթ մատնանշելով գնաճը միջազգային շուկաներում: 2023-ի սկզբում առկա վատատեսական սպասումները տարվա ընթացքում սկսեցին փոխվել. գնաճը սկսեց նվազել, այդուհանդերձ, բանախոսը նկատում է՝ անորոշություններն ի չիք չեն եղել:

«Շատ վաղ է համարել, թե գնաճի հարցը լուծված է: Դրանից ածանցվում են նաև սպասումները: Տնտեսական անորոշություններով և գլոբալ պահանջարկի դանդաղմամբ պայմանավորված՝ տեսանք, որ նավթի գները նվազեցին: Տեսնենք՝ ինչ կլինի: Իսկ պարենային ապրանքների գները ևս կայունացել ու նվազել են: Այսինքն, ընդհանուր առմամբ 2023-ի սպասելիքների համեմատ շուկաներում իրավիճակն ավելի հանդարտ է, բայց անորոշություններ դեռևս կան»:

Իսկ 2023-ի հայաստանյան մակրոմիջավայրը ԿԲ փոխնախագահը կարճ ձևակերպում է այսպես՝ շատ բարձր տնտեսական աճ և շատ ցածր գնաճ: Բայց դրամավարկային քաղաքականության տեսանկյունից դա պարզաբանելու կարիք կա:

«Տնտեսական աճի հիմնական շարժիք ուժը եղել են ծառայություններն ու շինարարությունը: Արդյունաբերության նվազումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության նվազմամբ: Այստեղ բնականաբար անորոշությունները մեծ են, և մենք պետք է հետևենք՝ արդյունաբերությունն ինչպես է զարգանալու»:

Ուշագրավ զարգացումներ կան վարկավորման ոլորտում: Հիփոթեքային վարկերը հասել են սպառողականի ծավալին: Նուրբեկյանի խոսքով՝ սա առաջին անգամն է, երբ ունենում ենք համարժեք պորտֆելներ: Դրամավարկային քաղաքականության վարման տեսանկյունից՝ վարկավորման շուկայի զարգացումներին մեծ ուշադրություն է դարձվում:

Եվ ի վերջո, գնաճի մասին: Սպառողական զամբյուղի ինդեքսը բարձր է եղել 2020-ից հետո, ապա գնաճը կտրուկ սկսել է նվազել: Դեկտեմբերին Հայաստանի 12-ամսյա գնաճը բացասական է՝ մինուս 0.5%:

«Կենտրոնական բանկի համար գնաճային սպասումների ռիսկերը էապես նվազել են: Մենք արդեն տևական ժամանակ է, ինչ տոկոսադրույքները նվազեցնում ենք: Այժմ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.25% է»:

ԿԲ փոխնախագահը վստահեցնում է՝ ինչ էլ լինի, գնաճը հասցնելու են թիրախային ցուցանիշին: Նուրբեկյանի խոսքով՝ 2025-ի վերջին Հայաստանում գնաճը մոտ կլինի նպատակային 4%-ին:

Share