Բաժին. Տնտեսական

ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյող-Բիզոն բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը և նշել, որ որ տարածաշրջանում Հայաստանը տնտեսական բավական լավ ցուցանիշներ է արձանագրում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Կյող-Բիզոն հավաստիացրել է, որ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: 

Կառավարության ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում և վերջին 20 տարում համատեղ իրականացված ծրագրերը համարում է հաջողված:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ 1992 թվականից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակում ծավալվող աշխատանքներին ու համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Այդ համատեքստում կողմերը կարևորել են համատեղ իրականացվող հազարամյակի զարգացման նպատակներին ուղղված ծրագրի, ինչպես նաև «Կանոնակարգիչ գիլյոտին» և «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրերի շարունակական իրականացումը: Կառավարության ղեկավարը խոսել է նշված ծրագրերի արդյունավետության մասին, մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:

Share