Բաժին. Տնտեսական

ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա հոկտեմբերին հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են թույլ գնանկումային, իսկ պարենային ապրանքների շուկաներում՝ գնաճային միտումներ:

Այսպես, Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը հոկտեմբերին, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 1.2%-ով: Ամսվա ընթացքում դիտվել է ոսկու գնի 0.1% նվազում: Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը հոկտեմբերին նվազել է 0.4%-ով:

Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինն աճել է 2.3%-ով, ոսկու գինն աճել է 4.4%-ով, իսկ պղնձի գինը՝ 8.8%-ով:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակման համաձայն՝ հաշվետու ամսում միջազգային շուկայում համեմատաբար դանդաղ տեմպերով շարունակել է աճել ցորենի գինը՝ 1.4%-ով (տարեկան կտրվածքով աճը կազմել է 23.9%):  Շաքարավազի և բրնձի միջազգային գները ևս աճել են՝ համապատասխանաբար 4.7% և 1.9%-ով, որի պարագայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դրանց նվազումը կազմել է համապատասխանաբար 22.5% և 7.9%:

Share