Տնտեսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 45%

Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 250 բազիսային կետով՝ մինչև 45%։ Այս մասին ասված է Կենտրոնական բանկի՝ Դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված որոշման մեջ։

Ինչպես նշել է Կենտրոնական բանկը, 2023-ի դեկտեմբերին գնաճի ցուցանիշն աճել է, ինչպես կանխատեսվում էր, իսկ ներքին պահանջարկի ներկա մակարդակը, ծառայությունների գները և աշխարհաքաղաքական ռիսկերը նպաստում են գնաճային ճնշմանը։ Միևնույն ժամանակ, գների աճի վերջին ցուցանիշները վկայում են այն մասին, որ ներքին պահանջարկի և դրամական միջոցների խստացման հաշվեկշիռը համահունչ է սպասվող գնաճի տեմպերի իջեցման գործընթացին։

Բանկի խորհրդի զեկույցում նշվում է, որ թուրքական լիրայի փոխարժեքի կայունացման գործընթացը արտաքին ֆինանսավորման, պահուստների աճի, ընթացիկ հաշվի մնացորդի բարելավման և թուրքական լիրայի ակտիվների պահանջարկի միջոցով շարունակվում է։ Բանկը նշել է, որ կշարունակի որոշումներ կայացնել այնպես, որ ապահովվեն դրամավարկային և ֆինանսական պայմաններ՝ հիմքում ընկած գնաճի միտումները նվազեցնելու և միջնաժամկետ 5% նպատակակետին հասնելու համար: Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքի բարձրացումը համարում է գների աճը զսպելու կարևոր բաղադրիչ։

Share