Տնտեսական

Ճապոնիան կուժեղացնի հսկողությունը երկակի նշանակության ապրանքների արտահանման ուղղությամբ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը երկակի նշանակության ապրանքների արտահանման վրա, որոնք որոշ երկրներ կարող են օգտագործել ռազմական նպատակով: Այդպիսի երկրների թվում են Ռուսաստանը և Չինաստանը։ Այս մասին հայտնում է Nikkei թերթը։

Ճապոնիան, արտահանման առումով, բոլոր երկրները բաժանում է երեք կատեգորիայի: Առաջինը ներառում է պետություններ, որոնց զենքի մատակարարումն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, օրինակ՝ ԿԺԴՀ-ն։ Երկրորդն ընդգրկում է 27 պետություն, որոնց համար արտահանման վերահսկողությունը նպատակահարմար է համարվում, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան։ Երրորդն ընդգրկել է բոլոր մյուս երկրները, այդ թվում՝ Չինաստանն ու Ռուսաստանը։

Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողությունը խստացնելու ծրագրերով նախատեսվում է ազդել երրորդ կատեգորիայի երկրների վրա։ Մասնավորապես, նախատեսվում է ներդնել այնպիսի միջոցներ, որոնք կիրառում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ տեխնոլոգիաները սխալ ձեռքում չընկնելու համար։

Բացի այդ, ինչպես նշվում է, իշխանությունները ցանկանում են կանխել երրորդ երկրներից նման ապրանքների վերարտահանումը պետություններ, որոնք, ինչպես կարծում է պաշտոնական Տոկիոն, կարող են դրանք օգտագործել ռազմական նպատակներով։ Այսպիսով, առաջարկվում է որոշ դեպքերում մատակարարից պահանջել համապատասխան դիմում ներկայացնել էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարություն, որի ղեկավարն իրավունք կունենա մերժել այս հարցումը։

Share