Տնտեսական

Ուժերի հարաբերակցություն, տարածաշրջան ու տնտեսություն՝ Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը, որի նպատակն է համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի մասնագետներին ուսումնասիրելու ու քննարկելու ֆինանսական շուկայի մարտահրավերները, միտումներն ու տնտեսության կարևոր թեմաները։

Կարևոր թեմաների ցանկում, իհարկե, տարածաշրջանն ու տարածաշրջանային զարգացումները քննարկելուց զերծ մնալ հնարավոր չէ:

Փարիզի Sciences Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելը Ֆրանսիայում Հայկական հարցի պաշտպանությամբ է զբաղվում, բայց և շատ ժամանակ է տրամադրում` բացատրելու, թե ինչ կշիռ ունի Հայաստանը աշխարհաքաղաքական առումով՝ չնայած իր փոքր տարածքի, բնակչության թվի:

Ֆրանսիացի փորձագետի խոսքով՝ Հայաստանի ապագան հասկանալու համար անհրաժեշտ է ուժերի հարաբերակցությունը վերլուծել:

«Պետք է հաշվի նստել այսօր առկա իրողությունների հետ, նույնիսկ եթե դրանք աղետալի են», – ասում է փորձագետն ու նկատում նաև՝ եթե մենք չենք ուսումնասիրում, վերլուծում մեր թշնամու էությունը, ապա չենք կարող հասկանալ վերջինիս նպատակը, ռազմավարությունն ու մարտավարությունը: Պետք է միշտ գիտակցել ու ճանաչել թշնամուն:

Պատերազմներն ու աշխարհաքաղաքական վերադասավորումներն ազդում են ամեն ինչ վրա: Ինչպես են դրանք ազդում Հայաստանի տնտեսության վրա, հատկապես երբ ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսք արձանագրվեց՝ ռուս-ուկրաինական հակամարտության շրջանում: Նրանց այցով պայմանավորված տնտեսական ակտիվույթունը երկարաժամկետ բնույթ կկրի, թե մեկանգամյա ազդեցություն, պարզաբանում է ՀՀ ԿԲ նաախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք չենք կարող դա կանխատեսել, բայց պետք է մտածենք: Ակնհայտորեն տեսնում ենք, որ Հայաստանում կան ոլորտներ, որոնք դրական ազդեցություն են կրում միջազգային այցելություններից, մասնավորապես, ՏՏ ոլորտից: Հայաստանյան ՏՏ ոլորտի արտադրողականությունը բարելավվել է, ընդ որում՝ ոչ միայն կարժամկետ հատվածում: Դա կնպաստի Հայաստանի տնտեսական աճին: Ինչ կլինի, եթե նրանք հեռանան Հայաստանից: Մենք պետք է այդ սցենարներին պատրաստ լինենք, ունենանք պատրաստի գործիքակազմ, որը կկիրառենք այդ ժամանակ»:

Գալստյանը կարևորեց մակրոտնտեսական իրավիճակն ու կայունությունը երկրում: Նրա գնահատմամբ՝ այն, ինչ ԿԲ-ն արել է վերջին տարիներին, արտառոց է և ֆենոմենալ հատկապես մշտաճգնաժամային պայմաններում մակրոտնտեսական կայունության պահպանումը:

Share